logo
Հայ | Eng | Рус
Արխիվ
Դեկտեմբեր 2016
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Կաթնամթերքի դեֆիցիտ չի լինի. Աշտարակ-Կաթն աշխատում է ամբողջ հզորությամբ
Կաթնամթերքի դեֆիցիտ չի լինի. Աշտարակ-Կաթն աշխատում է ամբողջ հզորությամբ
11:56 - 26.12.2013

Ամանորյա տոներին Աշտարակ-Կաթն աշխատում է ողջ ուժով՝ շուկայի պահանջարկը թարմ կաթնամթերքով բավարարելու համար: Կաթնամթերքի առաքումն  իրականացվում է օրական մի քանի անգամ: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց Աշտարակ-Կաթ ընկերության գործադիր տնօրեն Նարինե Բադանյանը: Ընկերության գործադիր տնօրենի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Տիկին Բադանյան, ամանորյա եռուզեռն արդեն սկսվել է: Ինչպե՞ս է նախապատրաստվել Ձեր ընկերությունը տարվա ավարտին:

Ամանորյա տոներին ընդառաջ՝ կաթնամթերքի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում է, իսկ դեկտեմբերի 25-ից հետո, երբ բոլորս սկսում ենք աղցանների ու ամանորյա ուտեստների պատրաստումը, տոնական գնումների զամբյուղում կաթը, թթվասերն ու մածունը անպակաս են լինում: Այդ պատճառով՝ կուտակած փորձի արդյունքում, մենք յուրաքանչյուր տարի նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք բավարարել թարմ կաթնամթերքի նկատմամբ բոլոր հայ սպառողների պահանջարկը:

Ամանորի նախօրեին սննդի շուկայում սովորաբար դեֆիցիտ է առաջանում: Կաթնամթերքին այն վերաբերում է, թե՞ ոչ:

Կարող եմ վստահ ասել, որ ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս մեր սպառողը դարակաշարերի վրա կաթնամթերքի պակաս չի զգա: Ներկայումս մեր ընկերության բոլոր աշխատակիցները, ավելի քան 500 հոգի, ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպվի կաթնամթերքի արտադրությունն ու առաքումը շուկա: Եվ օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ամբողջ անձնակազմին, այս օրերի քրտնաջան աշխատանքի համար: Ուզում եմ շեշտել, որ հատկապես հիմա մենք շարունակում ենք առավել պատասխանատվությամբ և զգոնությամբ հետևել մեր արտադրանքի որակին, որը եղել է և մնում է մեր ընկերության հաջողության հիմնական գրավականը: Կաթնամթերքն ունի պահպանման կարճ ժամկետ և մեզ համար շատ կարևոր է, որ այնպես աշխատենք, որպեսզի սպառողը դարակաշարի վրա տեսնի միայն թարմ արտադրանք:

Ավանդույթի համաձայն, Նոր տարվա շեմին, սնունդ արտադրող որոշ ընկերություններ, օգտվելով պահանջարկի կտրուկ աճից, բարձրացնում են իրենց արտադրանքի գները: Արդյո՞ք կաթնամթերքի շուկայում կնկատվի գնաճ:

Հավատարիմ մնալով մեր սպառողին, նախատոնական այս օրերին Աշտարակ-Կաթի ոչ մի արտադրատեսակ չի թանկանա: Բայց կցանկանայի նշել, որ ներկայումս ընկերությունն աշխատում է մոբիլիզացված ռեսուրսներով՝ կապված վերջին մի քանի տարիներին սկսված և ներկայումս շարունակվող հումքի գների կտրուկ թանկացման հետ: Այս օրերին մենք փորձում ենք հումքի և էներգակիրների թանկացման հետևանքները հաղթահարել մեր սեփական ռեսուրսների միջոցով, գործընկերների աջակցությամբ և վարկային միջոցների հաշվին՝ առավելագույնս հաշվի առնելով սպառողի շահերը:

Օրերս հայտնի դարձավ, որ «Գելափ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից կատարված հարցումների արդյունքում Ձեր ընկերությունն արժանացել է <<Լավագույն կաթնամթերք արտադրող>>  մրցանակին: Սպասելի՞ էր արդյոք Ձեզ համար այդ պարգևը:

Ինչպես արդեն նշեցի, Աշտարակ-Կաթ ընկերությունն իր ստեղծման օրվանից ի վեր որդեգրել է արտադրանքի բարձր որակի և նրա մշտական հսկողության քաղաքականություն: Մենք կաթը մթերում ենք ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա տեղակայված ալպիան մարգագետիններից, որն ամբողջ աշխարհում լավագույնն է: Հումքի ձեռք բերումից մինչև պատրաստի արտադրանքի ողջ շղթան գտնվում է ամենօրյա խիստ հսկողության տակ, ինչը չի կարող աննկատ մնալ սպառողի կողմից: Կարծում ենք, որ մեր ընկերությունն իրոք արժանի է <<Լավագույն կաթնամթերք արտադրող>> պարգևին և շնորհակալ ենք սպառողին բարձր գնահատականի համար: Այն մեզ ավելի է պարտավորեցնում և մղում պահպանելու և շարունակելու ստեղծված ավանդույթը:

Ինչպիսի՞ն են ծրագրերը, նոր՝ 2014 թվականի համար:

Ծրագրերն իրականացվում են երկու ուղղություններով՝ ներքին շուկայի զարգացում և արտահանման ծավալների աճ: Հատկապես կարևորում ենք արտահանման զարգացումը, որը համահունչ է Մաքսային միությանը միանալու ՀՀ կառավարության քաղաքականությանը: Մի շարք արտադրատեսակներ արտահանվում են ՌԴ և այլ երկրներ: Աշտարակ-Կաթի Լոռի տեսակի պանիրը Մոսկվայում արդեն իսկ արժանացել է Որակի ոսկե մրցանակի և մեծ պահանջարկ է վայելում: Իսկ որքան մեծացնենք արտահանման ծավալները, այնքան կշատանա ֆինանսական միջոցների ներհոսքը մեր երկիր: Այն թույլ կտա շարունակել ներդրումային ծրագրերը շուրջ 6000 գյուղացիական տնտեսությունների հետ, որոնց հետ ներկայումս սերտորեն համագործակցում ենք:

Որպես ամփոփում, ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր սպառողին այս տարի ևս մեզ հավատարիմ մնալու համար: Հատուկ շնորհակալություն մեր գործընկերներին, ովքեր կիսում են մեր դժվարությունները և աջակցում մեր բոլոր նախաձեռնություններին: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր աշխատակիցներին՝ բնակչությանը որակյալ արտադրանքով ապահովելու համար: Իսկ մեր ընկերության ողջ անձնակազմի կողմից կցանկանայի շնորհավորել մեր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթել առողջություն, բարեկեցություն ու երջանկություն:

 

Աղբյուր՝ News.am



Հետ